Գլխավոր Ավելին

«Փրկելով կյանքեր»․ Սուրեն Ստեփանյան

«Ռոմանտիկ զեղումները բժշկի համար չեն և ամենևին էլ տեղ չունեն բժշկության մեջ։ Այստեղ ավելի շատ վիրաբույժին ճնշում է պատասխանատվության բեռը, և նա լարված մտածում է, թե ինչպես կատարել վիրահատությունը և ինչի կարող է նա հանդիպել, որը չէր նախատեսել կամ հնարավոր էր նախատեսած չլինել։ Լավագույն արդյունքն այն է, երբ սպասելիքները արդարանում են, վիրահատությունը անցնում է այնպես, ինչպես նախատեսվել է»,-ասում է ընդհանուր վիրաբույժ Սուրեն Ստեփանյանը։

«Փրկելով կյանքեր» հաղորդումն այս անգամ անդրադարձել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ խորհրդատու ընդհանուր վիրաբուժության գծով, բ․գ․դ․, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանին։

Ինչպե՞ս է հայտնի բժիշկն ընտրել վիրաբույժի մասնագիտությունը, ովքե՞ր են եղել նրա ուսուցիչները, ինչպիսի՞ն պետք է լինի վիրաբույժը, ի՞նչ առանձնահատկություններ ունի աշխատանքը համալսարանական հիվանդանոցում, այս և այլ հարցերի անդրադարձը՝ հաղորդման շրջանակում։

Իսկ հետաքրքիր դիտարկումներից մի քանիսը՝ ստորև․

Վիրաբույժի աշխատանքի մասին

«Հիվանդը գալիս է վիրաբույժի մոտ առանձնակի մեծ սպասելիքներով, նրան պետք է ուշադիր լսել, համբերատար, հոգատար լինել և փորձել ճիշտ ճանապարհով տանել։ Ամբողջ հարցն այն է, որ բժիշկը կարողանա մնալ առանձնահատուկ, արդարացնել սպասումը»։

«Վիրաբույժը չի կարող արտիստիզմի դրսևորում ցուցաբերել պացիենտի մահճակալի մոտ, ամբողջ աշխատանքի ընթացքում նա լարված է, լարվածությունը հոգեբանական է, ֆիզիկական է, ուշադրության կենտրոնացում է, նա պետք է լավ տեսողություն ունենա, գույները տարբերի, կարևոր է ճիշտ որոշումներ կայացնելու հերթականությունը։ Վիրաբույժը պետք է լինի կամային, համարձակ, վիրաբույժը պետք է համարձակություն ունենա կատարի խիզախ քայլ, բայց այդ քայլը պետք է լինի մտածված, նախապատրաստված։ Վիրաբույժը պետք է լինի համեստ, անհամեստ վիրաբույժին պատժում է վիրաբուժության Աստվածը»։

«Բոլոր դեպքերում մենք հույսը երբեք չենք կորցնում, հույս միշտ կա։ Երբ բժիշկը հուսահատվում է, դա ծանր ազդեցություն է թողնում ինչպես ամբողջ թիմի վրա, այնպես էլ հիվանդի վրա։ Պացիենտը չպետք է հուսահատվի, պետք է բժշկի հետ միասին փորձի հաղթահարել դժվարությունները։ Հրաշքի հասկացությունը․․ դա այն է, ինչի համար արժե աշխատել, արժե չարչարվել, արժե սպասել․․․»։

«Ցավալի է, որ երբ որոշ դեպքերում վիրաբույժը չի ցանկանում որոշակի մակարդակից վերև բարձրանալ, մտածում է, դա բավարար է, ցավալի է, որ որոշ դեպքերում նրան հնարավորություն չի տրվում վերև բարձրանալ, բժշկի մասնագիտական զարգացումը երբեք չի ավարտվում։ Այսօր վիրաբույժը պետք է ոչ միայն կատարի միջամտությունների որոշակի խումբ, այլև կիրառի նոր տեխնոլոգիաները։ Ես միշտ վիրաբուժություն ընտրած մեր ուսանողներին խորհուրդ եմ տալիս նախապատրաստվել, տրամադրվել երկարատև, համբերատար աշխատանքի»։

Համալսարանական հիվանդանոցում աշխատելու առանձնահատկությունները

«Համալսարանական հիվանդանոցում աշխատելու հանգամանքը տալիս է և բազմաթիվ առավելություններ, և դնում պարտականություններ, որպեսզի կարողանաս պահել վարկանիշը, պատրաստել մասնագետներ, կազմակերպել գիտական աշխատանք, որը պետք է բխի գործնական աշխատանքից, կարողանաս նաև դիմանալ մրցակցությանը։ Այս մրցակցության նպատակը հիվանդի լավացումն է, նրա առողջացումը, համալսարանական հիվանդանոցում աշխատելը պարտավորեցնող է»։

«Որքան համակարգը զարգացած է, լավ է կատարում իր ֆունկցիան, այնքան վիրաբույժի աշխատանքի արդյունքը բարենպաստ է։ Այստեղ առաջանում է պարադոքս, ամբողջ համակարգը աշխատում է, բայց հիվանդը որպես փրկիչ դիտարկում է վիրաբույժին։ Լինելով վիրաբույժ՝ ես գտնում եմ, որ դա անարդար է, իհարկե, ամենամեծ պատասխանատվությունը վիրաբույժինն է, բայց համակարգը օգնում է վիրաբույժին կատարել իր ֆունկցիան, վիրաբույժը մարմնավորում է պրոցեսը և վերջնական արդյունքը, եթե արդյունքը վատ է, մեղավորը վիրաբույժն է»։

×
facebook sharing button facebook