Գլխավոր Ավելին

Արթրիտի դեմ պայքարի միջազգային օրը զեկուցումներով հանդես եկան ռևմատոլոգները

Արթրիտի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում երեկ անցկացված գիտական լսումներին զեկուցումներով են հանդես եկել Ռևմատոլոգիայի բաժանմունքի բժիշկները։

Բաժանմունքի վարիչ Վալենտինա Վարդանյանի զեկույցը «Ինֆեկցիաների ռևմատոլոգիական դիմակները» թեմայով էր, նույն բաժանմունքի բժիշկներ Նունե Մանուկյանինը՝ «Արթրիտների տարբերակիչ ախտորոշումը», իսկ Աննա Սարգսյանինը՝ «Պսորիատիկ արթրիտ» թեմաներով:

Ներկայացված թեմաները հետաքրքիր էին համալսարանական բժիշկների, կլինիկական օրդինատորների համար, զեկույցները ուղեկցվում էին քննարկումներով, հարցուպատասխանով։ Քննարկվեցին հիվանդությունների վաղաժամ ախտորոշման, բարդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման հնարավորությունները, բուժմանը այլ մասնագետների ներգրավման խիստ կարևորությունը: Բացի տեսական գիտելիքից, պրակտիկ փորձից, միջազգային և տեղական կանոնակարգերից՝ բժիշկները իրենց զեկուցումներում նաև բարդ կլինիկական դեպքեր էին ներկայացնում, որոնք ունեին ուսուցողական նշանակություն:

 Հնչած հարցերը բազմազան էին՝ սկսած ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշումից մինչև վերքերի մշակում, արթրիտի կապը քրոնիկական տոնզիլիտների հետ, գլյուկոկորտիկոստերոիդների նշանակման ցուցումները ոչ ստանդարտ դեպքերում, ռենտգեն հետազոտությունների իրականացման ցուցումները, Հայաստանում և մասնավորապես մեր կլինիկայում լաբորատոր հագեցվածությունը ռևմատիկ պաթոլոգիաներ ախտորոշելու համար։ Քրոնիկական տոնզիլիտների վերաբերյալ Վալենտինա Վարդանյանն ասաց, որ արթրիտոգեն գենեզը ակտուալ է ռևմատիկ տենդի զարգացման ժամանակ մինչև 18 տարեկան պացիենտների շրջանում։ Ինչ վերաբերում է հակառևմատիկ պրեպարատներին, այդ թվում՝ նաև գլյուկորտիկոստերոիդներին, նշվեց, որ դրանք ունեն իրենց նշանակման բացարձակ և հարաբերական ցուցումները։

 Բաժանմունքի ղեկավարը ներկայացրեց նաև ռենտգեն հետազոտությունների նշանակման ելակետերը, ինչպես նաև շեշտեց, որ համալսարանական հիվանդանոցը լիովին իրականացնում է անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները։ Ի դեպ, երեկվա գիտական լսումները սկսեցին ղեկավար անձնակազմում կադրային փոփոխությունների մասին հայտարարությամբ։

Ինչպես արդեն հայտարարվել էր համալսարանական հարթակներով, Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը «Միքայելյան» հիվանդանոցում նշանակվել է տնօրեն և կկենտրոնացնի իր ուժերն ու փորձը աղետների ժամանակ անհրաժեշտ վարչական գործողությունների, մարդկային պաշարների կառավարմանը, Մնացական Ղարագյոզյանը նշանակվել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ, իսկ Ատոմ Տեր-Գրիգորյանը՝ Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար։

×
facebook sharing button facebook