Գլխավոր Ավելին

Այսօր սրտի համաշխարհային օրն է

Այսօր սրտի համաշխարհային օրն է։ Այս տարի Սրտի համաշխարհային կազմակերպությունն տոնը նշում է «USE ❤️ KNOW ❤️» կարգախոսի ներքո։ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանական կլինիկայի բժիշկ-սրտաբան Նունե Ավետիսյանը նշում է, որ այս ամենամյա միջոցառումը ծառայում է որպես գլոբալ հարթակ՝ բարձրացնելու սրտի առողջության կարևորության մասին իրազեկվածությունը։

Բժիշկը նշում է, որ այս տարվա թեմայի էությունը պարզ է, բայց խորը, որպեսզի իսկապես սիրենք և պաշտպանենք մեր սիրտը, մենք նախ պետք է ճանաչենք այն: Գիտելիքը խնամքի և հոգատարության կարևոր գրավականն է։ Իսկ երբ խոսքը վերաբերում է մեր սրտին, այս պնդումն ավելի քան ճշմարիտ է: «Մեր իրականության մեջ սրտի առողջությունը հաճախ հետին պլան է մղվում՝ ստվերված առօրյա կյանքի եռուզեռով, ժամանակակից ապրելակերպի գրավականով, իսկ այսօրվա հայ իրականության մեջ՝ նաև ամենօրյա սթրեսներով։ Ուստի կարևոր է մեկ անգամ ևս բարձրացնել «սիրտը փայփայելու» իրազեկվածությունը ամբողջ աշխարհում»,-ասում է Նունե Ավետիսյանը:

Ինչո՞ւ է սա այդքան կարևոր: Քանի որ սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ թիվ մեկ մարդասպանը ամբողջ աշխարհում, ամեն տարի մոտավորապես 20․5 միլիոն մահ տեղի է ունենում սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով։ Մահերի մեծ մասը բաժին է ընկնում ցածր և միջին զարգացած երկրներին։ Մահերից շատերը կարելի է կանխարգելել հասարակության կրթվածության մակարդակը բարձրացնելով։

Սրտաբանի խոսքով՝ կենսակերպի պարզ փոփոխությունները, ֆիզիկական ակտիվությունը, կանոնավոր ստուգումները կարող են նպաստել սրտի հիվանդությունների կանխարգելմանը:
«Առաջնորդվելով «Գիտելիքը ուժ է» կարգախոսով՝ եկեք սկսենք մեզանից , մեր շրջապատից ու մտերիմներից։ Ճանաչենք մեր ՍԻՐՏԸ եւ գործենք միասին»,-ասում է Նունե Ավետիսյանը։

×
facebook sharing button facebook