Գլխավոր Ավելին

Համալսարանական բժշկի հայտը միջազգային դրամաշնորհի է արժանացել 

 «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոնէնտերոլոգ Մանիկ Գեմիլյանի գիտական հետազոտության հայտը արժանացել է Հռոմի հիմնադրամի դրամաշնորհի։
Մրցույթում մասնակցած 19 հայտերից ընտրվել էր հենց այս հայտը, ավելին՝ հանձնաժողովն այնքան էր տպավորվել նախագծի կարևորությամբ և որակով, որ հատկացրել էր մրցույթով նախատեսված և հայտով պահանջվածից ավելի մեծ չափով գումար, որպեսզի հետազոտությունը լիարժեք կատարվի։

Պարգևը բժիշկ Գեմիլյանին հանձնվել է ԱՄՆ Չիկագո քաղաքում՝ այս տարվա «Մարսողական հիվանդությունների շաբաթ» (Digestive Disease Week, DDW) գիտաժողովի օրերին։
Գիտական հետազոտության նպատակն է վերհանել այն խոչընդոտները, որոնք առկա են մեր երկրում մարսողական ուղու ֆունկցիոնալ խանգարումների արդյունավետ ախտորոշման և վարման համար, միջոցառումներ ձեռնարկել դրանք հաղթահարելու համար։ Աշխատանքը մեկնարկել է հուլիսին և տևելու է մեկ տարի, նախագծի իրականացմանը մասնակցում են «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի բժիշկները։

Նշենք, որ «Հռոմի հիմնադրամ» կազմակերպությունը մշակում և հրատարակում է ամբողջ աշխարհում ընդունված Հռոմեական չափանիշները, ըստ որոնց դասակարգվում և ախտորոշվում են մարսողական ֆունկցիոնալ խանգարումները։

×
facebook sharing button facebook