Գլխավոր Ավելին

Թոքի քաղցկեղ ունեցող հիվանդի ուղին՝ ճշգրիտ ախտորոշումից մինչև արդյունավետ բուժում․ գիտական լսումները վերսկսվել են

Երեկ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում վերսկսվեցին արդեն ավանդույթ դարձած ամեն հինգշաբթի անցկացվող գիտական լսումները։

Այս անգամ թեման «Վաղ փուլի ԹՈՄԲՔ (թոքի ոչ մանրբջջային քաղցկեղ) ունեցող հիվանդի ուղին․ճշգրիտ ախտորոշումից մինչև արդյունավետ բուժում»-ն է։ Բանախոսները երեքն էին։

Թորակալ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Հովհաննես Սարկավագյանը «Վաղ փուլի ԹՈՄԲՔ ունեցող հիվանդի վիրաբուժական վարման նոր մոտեցումները» զեկույցի շրջանակում ներկայացրեց, թե ինչ է թոքի քաղցկեղը, ինչ բուժման մեթոդներ եւ վիրահատության տեսակներ կան։ Նա ամփոփեց համալսարանական հիվանդանոցում իրականացված վերջին վիրահատությունները՝ ներկայացնելով տվյալներ, թե ինչ տեսակի ուռուցքներ են ունեցել հիվանդները, որ փուլերում են դրանք հայտնաբերվել, քանի հիվանդ է վիրահատվել, մի խոսքով՝ թորակալ վիրաբույժի տեսանկյունից անդրադարձավ թոքի քաղցկեղին։

Մյուս բանախոսը՝ Մ․Հերացու անվան ԵՊԲՀ Պաթոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ախտաբան Արմեն Մխիթարյանը «Վաղ փուլի ԹՈՄԲՔ-ի մոլեկուլյար պրոֆիլավորում և PD-L1 թետավորում․ նմուշառումից մինչև հյուսվածաբանական ախտորոշում» զեկույցում անդրադարձավ թոքի քաղցկեղի ախտորոշման հարցին հյուսվածաբանական տեսանկյունից, ինչպես նաեւ ներկայացրեց, թե ինչպես են որոշում իմունաթերապիայի արդյունավետությունը։

«IMPOWER 010. Վաղ փուլի ԹՈՄԲՔ-ի արդյունավետ իմունաթերապիա» զեկույցը ներկայացնելիս համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանը հիմնականում անդրադարձավ հետվիրահատական բուժմանը, դեղորայքային թերապիային՝ ներկայացնելով, թե 1960-ականներից սկսած ինչ դեղորայք է օգտագործվել, ինչպես են փոխվել մոտեցումները այս հարցում եւ ինչ նշանակություն ունի իմունաթերապիայի կիրառումը։

Բանախոսները ներկայացրել են նաեւ թոքի քաղցկեղի վերաբերյալ միջազգային վիճակագրություն, խոսել ախտորոշիչ մեթոդների եւ կանխարգելման մասին։ Այս առումով կարեւորվել է ծխախոտից հրաժարվելը, քանի որ թոքի քաղցկեղով տառապողների ընդամենը 20 տոկոսն է չծխող, մնացած 80 տոկոսը ծխողներ են, այսինքն՝ ապացուցված է, որ կանխարգելելու առաջին քայլը ծխելը թողնելն է։

Եվրոպական օնկոլոգների ասոցիացիան խորհուրդ է տալիս 55-74տ ծխողներին, որոնք տարեկան 30 տուփից ավել ծխում են, ամեն տարի ցածր չափաքանակով համակարգչային տոմոգրաֆիա անցնել։ Նման հետազոտություն պետք է անեն նաեւ այն մարդիկ, ում ծխելը դադարեցնելուց հետո 15 տարի չի անցել։

Զեկույցները մեծ հետաքրքրություն են առաջացրել գործընկերների շրջանում, բանախոսներին բազում հարցեր են ուղղել, օրինակ՝ ինչով է պայմանավորված, որ թոքի քաղցկեղը հիմնականում ախտորոշվում է 3-րդ փուլում, արդյոք դա համապատասխանում է միջազգային վիճակագրությանը։

Բանախոսները պարզաբանել են, որ արտասահմանյան փորձից այս առումով շեղում չկա, իսկ երրորդ փուլում է ախտորոշվում, քանի որ գանգատները հիմնականում այդ ժամանակ են ի հայտ գալիս։

Ընդ որում՝ հետաքրքիր է, որ 40 տոկոսի դեպքում թոքի քաղցկեղը մետաստատիկ է, 60 տոկոսի դեպքում՝ ոչ մետաստատիկ։

 Մահացության առումով թոքի քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղը բոլոր քաղցկեղային հիվանդությունների շարքում, հիվանդացության առումով եւս առաջատար դիրքերում է՝ մաշկային չարորակ նորագոյացություններից հետո։ Հայաստանում եւս թոքի քաղցկեղը առաջին տեղն է գրավում, դրան հաջորդում է կրծքագեղձի քաղցկեղը։

Կանխարգելման տեսանկյունից մասնագետները մեկ անգամ եւս կարեւորեցին չծխելը, իսկ վաղ ախտորոշումը վերաբերում է ռիսկի խմբի՝ ծխողների եւ վնասակար նյութերով աշխատող մարդկանց պարբերական ստուգումներ անցնելուն։

Ոչ պակաս կարեւոր է նաեւ հիվանդության փուլի ճշգրիտ որոշումը, ինչից կախված է բուժման նշանակումը, ինչպես նաեւ հետվիրահատական հսկողությունը։

Բանախոսները շեշտեցին, որ թոքի քաղցկեղը պահանջում է մուլտիդիսցիպլինար մոտեցում, այսինքն՝ բուժման ռազմավարության որոշմանը պետք է մասնակցեն տարբեր մասնագետներ՝ թորակալ վիրաբույժ, օնկոլոգ, ռադիոլոգ, պաթոլոգ, գենետիկ, ինչպես նաեւ կարեւոր է հիվանդի մասնակցությունը քննարկումներին եւ որոշումների կայացմանը։

×
facebook sharing button facebook