49-ամյա պացիենտը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի թորակալ վիրաբուժության կլինիկա՝ հազի, խորխարտադրության, արտահայտված դժվարաշնչության, ընդհանուր թուլության գանգատներով։ Այս գանգատները առկա էին մոտ 1ամիս, կատարվել է կրծքավանդակի օրգանների կոնտրաստավորումով Հ/Շ քննություն, որի արդյունքում հայտնաբերվել է աջ գլխավոր բրոնխի ներլուսանցքային հյուսվածքային գոյացություն, վերին և միջին բլթերի հիպովենտիլյացիա։ Հիստոլոգիական քննությամբ հայտնաբերվել է բրոնխի լուսանցքում ինվազիվ քաղցկեղի կասկածելի պատկեր։
Աջ գլխավոր բրոնխի համարյա ամբողջական խցանումը ուռուցքով հանդիսացել է բացարձակ ցուցում վիրահատության համար։
Թորակալ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ Հովհաննես Սարկավագյանի կողմից, բժիշկներ՝ Հարություն Մարգարյան, ասիստենտ՝ Էմմա Ղարիբյան, անեսթեզիոլոգ՝ Սասուն Ղազարյան, կատարվել է աջ գլխավոր բրոնխի պատուհանաձեւ մասնահատում։ Գլխավոր բրոնխի լուսանցքից հեռացվել է բազմահանգուցանի գոյացություն, մեկը՝ 12*8մմ չափերի և առանձին պոկված հանգույց՝ մոտ 5մմ տրամագծով։ Գլխավոր բրոնխի հետին կողմնային պատին առաջացել է 12*15մմ չափերի դեֆեկտ, որը վերականգնվել է հանգուցակարերով։
Ներվիրահատական փուլում կատարվել է բրոնխոսկոպիկ քննություն՝ վերին բլթի բրոնխի լուսանցքը նեղացած չէ։ 2 ամիս անց նորից կատարվել է բրոնխոսկոպիկ ստուգիչ քննություն, բրոնխի անցանելիությունը լիարժեք է, նեղացում չկա։ Կատարվել է կրկնակի ՀՇ քննություն՝ ուռուցքի ռեցիդիվի նշաններ չկան։
Բժիշկները նշում են, որ դեպքը բարդ էր այնքանով, որ մարդու կյանքի փրկությունը կախված է մասնագետի գերճշգրիտ աշխատանքից, նախ պետք է գործել զգուշորեն՝ փորձելով հեռացնել գոյացությունները եւ միեւնույն ժամանակ վերականգնել բրոնխը՝ ապահովելով մարդու շնչառական ֆունկցիան։
.png)