Գլխավոր Ավելին

Գիտական լսման թեման՝ դիարեայով հիվանդների վարման մոտեցումները

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում երեկ կայացած հերթական գիտական լսումը վերաբերում էր դիարեայով (լուծ) հիվանդների վարման մոտեցումներին։ Զեկուցողը ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ, վարակաբան, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի բ․գ․թ․, դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանն էր։

Բժիշկն անդրադարձավ դիարեայով հիվանդների վարման մոտեցումներին՝ մանրամասն ներկայացնելով բոլոր փուլերը՝ հոսպիտալացում, նմուշառում, նախնական բուժում, ըստ անհրաժեշտության՝ նաև սպեցիֆիկ բուժում։

Նա նաև ներկայացրեց լուծի տեսակները՝ սուր, պերսիստող և քրոնիկ, դրանք պայմանավորող հիմնական պատճառագիտական գործոնները, ինչպես նաև ախտորոշման ալգորիթը յուրաքանչյուր տեսակի դեպքում։

Ալվարդ Հովհաննիսյանը, ամփոփելով միջազգային ուղեցույցերի տվյալները և Հայաստանում և արտերկրում կիրառվող գործելակարգերը, նշեց, որ աղիքային վարակները սովորաբար դրական ելք են ունենում, սակայն հակաբիոտիկների չարաշահումից կարող են առաջանալ տարբեր բարդություններ, այդ թվում՝ հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ։

Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի կլինիկական օրդինատոր Մարիամ Վարդանյանը ներկայացրեց ՀՈՒՀ-ի կլինկական դեպք, որը բուռն քննարկվեց դահլիճում ներկա մասնագետների կողմից։

Մասնավորապես՝ հարցեր հնչեցին, թե ինչպես են տարբերակում՝ տիպիկ, թե ատիպիկ ՀՈՒՀ է, վարման սկզբունքները, ինչ հնարավորություններ կան հնարավորինս արագ և արդյունավետ բուժումը կազմակերպելու։

Քննարկվող թեմայի վերաբերյալ հարցուպատասխանի միջոցով իրենց դիտարկումները ներկայացրեցին էնդոսկոպիայի, գաստրոէնտերոլոգիայի, վերակենդանացման, լաբորատոր բաժանմունքի մասնագետները։ Մեկ անգամ ևս կարեւորվեց նման դեպքերում մուլտիդիսցիպլինար մոտեցումը, երբ կոնկրետ հիվանդով զբաղվում է բազմապրոֆիլ բժշկական թիմ, որտեղ բացի ինֆեկցիոնիստից ընդգրիկված են նաև վիրաբույժներ, նեֆրոլոգներ, հեմատոլոգներ, գաստրոէնտերոլոգներ եւ ռեանմիատոլոգներ։

×
facebook sharing button facebook