Գլխավոր Ավելին

Ամռան սեզոնին աղիքային վարակների ակտիվացում է նկատվում․ բժշկի խորհուրդները

Վերջին շրջանում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն բաժանմունք դիմելիությունը աճել է։

Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը նշում է, որ բուժառուները հաճախ են դիմում լուծով, փսխումներով և որովայնի շրջանի ցավերով։ «Հետազոտության ընթացքում հայտնաբերվում են աղիքային վարակների տարբեր հարուցիչներ՝ ռոտավիրուս, սալմոնելլա, կամպիլոբակտեր և այլն։ Չկա կոնկրետ վիրուսի կամ բակտերիայի գերակշռում, հանդիպում են գրեթե հավասարապես»,-ասում է բժշկուհին։

Ալվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ ամռան սեզոնին աղիքային վարակների ակտիվացումը բնականոն է՝ պայմանավորված շոգ եղանակով։ Այդպիսի պայմաններում սնունդը ավելի արագ է փչանում, հետևաբար հարուցիչներն էլ սկսում են բազմանալ։

«Աղիքային վարակների նկատմամբ ավելի ընկալունակ են երեխաները, նրանք ոչ միշտ և ոչ այդքան հաճախ են լվանում ձեռքերը, ինչով պայմանավորված հեշտությամբ ձեռքերից բերանի միջոցով փոխանցում են վարակը»,-ասում է նա։

Աղիքային վարակներից խուսափելու համար բժիշկը հիշեցնում է հայտնի ոսկե կանոնները․

1․ Հաճախ լվանալ ձեռքերը, մասնավորապես սնունդ ընդունելուց առաջ։

2․ Ուտել առավելապես լավ ջերմային մշակման ենթարկված սնունդ։

3․ Հոսող ջրով լավ լվանալ միրգն ու բանջարեղենը,

4․ Հնարավորինս սնվել տնային պայմաններում պատրաստված որակլյալ մթերքներով։

Բժիշկը կոչ է անում՝ ախտանիշների առկայության և հատկապես դրանց պահպանման դեպքում անհապաղ դիմել մասնագետի։

«Ամենատարածված սխալներից է հակաբիոտիկների չհիմնավորված ընդունումը, ինչը ոչ միայն անօգուտ է դեպքերի մեծ մասում, այլև երբեմն կարող է առաջացնել լուրջ բարդություններ։ Մինչդեռ հետևելով պարզ կանոնների՝ կարելի է խուսափել տհաճ հետևանքներից»,-ամփոփում է Ալվարդ Հովհաննիսյանը։

 

 

×
facebook sharing button facebook