«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի լաբորատորիայում արդեն տևական ժամանակ է, ինչ իրականացվում է սեպսիսի ախտորոշման նոր հետազոտություն՝ պրեսեպսինը (Presepsin)։
Սեպսիսը կյանքին սպառնացող վիճակ է, երբ վարակի նկատմամբ օրգանիզմի իմունային արձագանքը դառնում է անվերահսկելի՝ վնասելով սեփական հյուսվածքներն ու օրգանները։ Այն կարող է շատ արագ հանգեցնել ծանր բարդությունների, ուստի վաղ և ճշգրիտ ախտորոշումը կենսական նշանակություն ունի՝ ժամանակին բուժում սկսելու և կյանքեր փրկելու համար։
Լաբորատորիայի վարիչ, բ․գ․թ․ Զարուհի Գևորգյանը նշում է, որ պրեսեպսինը (sCD14-subtype) նոր սերնդի բիոմարկեր է, որը կիրառվում է սեպսիսի վաղ ախտորոշման և հիվանդության ծանրության գնահատման համար։
«Այն առաջանում է CD14 մակերեսային սպիտակուցի քայքայման արդյունքում՝ մոնոցիտների և մակրոֆագների ակտիվացման ժամանակ։ Պրեսեպսինի առավելություններն են՝
- արագ արդյունք՝ մոտ 15–20 րոպե,
- բարձր զգայունություն և սպեցիֆիկություն,
- կիրառման հարմարություն հատկապես ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում» — ասում է մասնագետը։
Ի դեպ, պրեսեպսին հետազոտության մասին նշված է նաև Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միության վերջերս ներկայացրած սեպսիսի վարման գործելակարգում։
.png)