«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունք է դիմել 84-ամյա պացիենտ՝ գանգատվելով ֆիզիկական լարման ժամանակ առաջացող հևոցից և կրծքավանդակի դիսկոմֆորտից։
Կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտությունների (ԷՍԳ, էխոսրտագրություն) արդյունքում հայտնաբերվել է ծանր աորտալ ստենոզ։ Լրացուցիչ հետազոտությունների՝ կոնտրաստային ՀՏ և ախտորոշիչ կորոնարոգրաֆիայի արդյունքների հիման վրա, հաշվի առնելով բաց վիրահատության բարձր ռիսկերը, որոշվել է իրականացնել աորտալ փականի տրանսկաթետերային իմպլանտացիա (TAVI)։
Պրոկտորի հսկողությամբ Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ղեկավար Արմեն Օքրոյանի կողմից, բժիշկներ Հովհաննես Թումանյանի և Ջիվան Գուլքանյանի մասնակցությամբ իրականացված իմպլանտացիայի արդյունքում հաջողվել է ամբողջությամբ վերականգնել փականի ֆունկցիոնալ վիճակը, և բուժառուն երկու օր անց դուրս է գրվել հիվանդանոցից։
TAVI-ն կամ տրանսկաթետերային աորտալ փականի իմպլանտացիան նորագույն փոքր-ինվազիվ միջամտություն է, որը հանդիսանում է ախտահարված աորտալ փականի փոխարինման ոչ բաց վիրահատական մեթոդ։
TAVI-ի հիմնական ցուցումն է աորտալ փականի ծանր ախտահարումը՝ մասնավորապես աորտալ ստենոզը։
Այն ունի մի շարք առավելություններ՝
համեմատաբար փոքր տրավմատիզացիա,
արագ վերականգնման շրջան,
բարձր արդյունավետություն բարձր ռիսկի կամ տարեց հիվանդների մոտ։
Նշենք, որ աորտալ փականի ստենոզը սրտային ամենատարածված հիվանդություններից է, որը կարող է հանգեցնել հաշմանդամության և մահացության։
.png)