Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արմեն Հովհաննիսյանը մոտ երկու տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել է Հայաստան՝ մշտական բնակության, և աշխատանքի անցել «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում և ԵՊԲՀ-ում։ Նա Շտապօգնության և աղետների բժշկության ամբիոնի առաջին օգնության դասընթացի ղեկավարն է։
Այս ընթացքում Արմենը հասցրել է ճանաչել ու սիրել մեր երկիրը, մեր մշակույթը։ Նշենք, որ վերջերս նա բարձրացել է Արարատ լեռը, որտեղ ծածանել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի դրոշը։
Արմեն Հովհաննիսյանն ասում է, որ նպատակ ունի բարձրանալ բոլոր այն հայկական լեռները, որոնց բարձրությունը գերազանցում է 3000 մետրը։ Առաջիկայում նա նախատեսում է բարձրանալ Հյուսիսային Արագած և Խուստուփ։
Նա պատմում է, որ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր, բիբլիական լեռը բարձրացել է հայկական խմբի կազմում։ Վերելքը տևել է երեք օր, իջնելը՝ երկու։ Գագաթին մեկ ժամ են մնացել՝ շրջել, լուսանկարներ արել։
«Շատ ժամանակ վերևում չես կարող անցկացնել՝ ցուրտ է, քամոտ։ Բարդություններ հիմնականում չեն եղել, պարզապես պետք է նախապես ֆիզիկապես պատրաստվել։ Գլխավորը հասկանալն է՝ ինչպես է ձեր օրգանիզմը արձագանքում նման կլիմայական պայմաններին ու բարձրությանը։ Եթե կարողանում ես 5-6 կմ քայլել 40 րոպեում, ֆիզիկապես ակտիվ ես, շարժուն, ապա կկարողանաս բարձրանալ։ Մեր խմբում 17 հոգի էր, 16-ը հասան գագաթ։ Օրական մոտ 100 մարդ է բարձրանում, այդ թվում՝ բազմաթիվ հայեր և զբոսաշրջիկներ»,-նշում է Արմեն Հովհաննիսյանը։
Արմեն Հովհաննիսյանը սիրահարված է Հայաստանի բնությանը։ Նա ասում է՝ բացի Գառնիից ու Գեղարդից, բազմաթիվ այլ սիրուն վայրեր կան։ Օրինակ՝ անվերջ կարելի է այցելել Սյունիք և Լոռի։
.png)