«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի վիրաբույժները շարունակում են անցնել վերապատրաստումներ և զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները։
Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի նախաձեռնությամբ վիրաբույժ Հայկ Մաթևոսյանը նվազ ինվազիվ վիրաբուժության մասնագիտական վերապատրաստում է անցել Սանկտ Պետերբուրգի Մանկաբուժական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ Վերապատրաստումը կայացել է այդ ամբիոնի վարիչ, հայազգի նշանավոր վիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Գարրիի Ավանեսյանի ղեկավարությամբ։
Վերապատրաստման ընթացքում Հ. Մաթևոսյանը խորացրել է իր գիտելիքն ու փորձը մինիմալ ինվազիվ վիրաբուժական միջամտությունների մեջ, որոնք իրականացվում են սոնոգրաֆիայի և ռենտգեն հսկողության ներքո՝ որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության տարբեր հիվանդությունների դեպքում։
Ստացված տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները երկար չեն սպասեցրել իրենց կիրառումով․ վիրաբույժ Հայկ Մաթևոսյանն արդեն իրականացրել է իր առաջին հաջող միջամտությունները «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում:
.png)