Գլխավոր Ավելին

Հազվադեպ հանդիպող հիվանդության ախտորոշում, երկու վիրահատություն, ինչի շնորհիվ պացիենտի կյանքի որակը անհամեմատ բարելավվել է

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց է դիմել 64-ամյա կին՝ գանգատվելով ընդհանուր թուլությունից, աջ գոտկային շրջանում առկա ցավերից, ջերմության բարձրացումից: Պացիենտը նշել է, որ վերին ծնոտի շրջանում հսկաբջջային ուռուցքի կապակցությամբ 2014թ վիրահատություն է տարել, ինչպես նաև ավելի քան 20 տարի ընդունում է հակափսիխոտիկ դեղորայք։

Կատարվել են լաբորատոր, գործիքային հետազոտություններ, պացիենտի մոտ ախտորոշվել է միզաքարային հիվանդություն՝ միզածորանի խցանող քար, երիկամի սուր թարախային բորբոքում (աջակողմյան պիոնեֆրոզ), որի կապակցությամբ պացիենտն անմիջապես վիրահատվել է (ուրոլոգ-բժիշկներ՝ Ն. Մելքոնյան, Ա. Հրանտյան, անեսթեզիոլոգ՝ Վ. Հարությունյան), կատարվել է աջ երիկամի հեռացում (աջակողմյան նեֆրեկտոմիա):

Ընդունվելիս պացիենտը եղել է թույլ, անտարբեր, հարցերին պատասխանում էր կարճ և դժվարությամբ: Օբյեկտիվ զննմամբ պացիենտը ուներ արտահայտված դող (հանգստի և գործողության, որն ուժեղանում էր խոսելիս, ուտելիս, հասարակ գործողություններ կատարելիս), ուներ քայլքի դանդաղում, կեցվածքի կորացում (խնդրողի կեցվածք), նաև ստորին ծնոտի դող, օրալ դիսկինեզիաներով:

Լաբորատոր քննության արդյունքում հայտնաբերվել է արյան մեջ կալցիումի և պարատ հորմոնի բարձր մակարդակ: Այդ կապակցությամբ պացիենտը գտնվել է էնդոկրինոլոգի (Սոնա Մաղաքյան) հսկողության տակ, կատարվել են լրացուցիչ լաբորատոր և գործիքային քննություններ, ախտորոշվել է առաջնային հիպերպարաթիրեոզ, ձախ հարվահանաձև գեղձի գոյացություն և բացի առաջնային հիպերպարաթիրեոզի հիմնական բարդություններից (օստեոպորոզ, միզաքարային հիվանդություն, լեղաքարային հիվանդություն, ատրոֆիկ գաստրիտ), նաև հազվադեպ հանդիպող ոսկրային բարդություն՝ Brown tumor (ՀՇ բաժանմունքի ղեկավար՝ Լ. Դավթյան): Այն հանդիպում է առաջնային հիպերպարաթիրեոզ ունեցող պացիենտների 3-4,5%-ի շրջանում և զարգանում է անմիջականորեն պարատ հորմոնի մակարդակի բարձրացման հետևանքով:

Ելնելով վերոնշյալ գանգատներից և անամնեզից՝ պացիենտը դիտվել է նյարդաբանի (Սոֆիյա Խաչատուրյան) կողմից և ախտորոշվել է դեղորայքային պարկինսոնիզմ:

Էնդոկրինոլոգի ցուցմամբ և մոտ մեկ ամիս մուլտիդիսցիպլինար բժշկական թիմի հսկողությամբ պացիենտը պատրաստվել է երկրորդ վիրահատության։

Կատարվել է պարաթիրեոիդէկտոմիա ձախից (ընդհանուր վիրաբույժ՝ Անդրանիկ Ալեքսանյան, ասիստենտներ՝ Ս․ Սարգսյան, Ս. Ավագյան, անեսթեզիոլոգ՝ Աթանեսյան): Վիրահատությունից հետո դիտվել է պարատ հորմոնի մակարդակի իջեցում, ինչպես նաև բարելավվել է պացիենտի նյարդաբանական վիճակը՝ դողը, օրալ դիսկինեզիան պակասել են, քայլքը բարելավվել է (առանց նախկին դեղորայքի փոփոխության):

Պացիենտի դեպքի կապակցությամբ հրավիրված կոնսիլումներին բժիշկները եկել են եզրահանգման, որ հիվանդի մոտ առկա և հոգեշարժական, և նյարդաբանական խնդիրները կարող էին անմիջականորեն կապված լինել կալցիումի մակարդակի բարձրացման հետ, հետևաբար պարկինսոնիզմը կարող էր պայմանավորված լինել ոչ միայն տարիներ շարունակ ընդունած հակափսիխոտիկ դեղորայքով, այլ նաև հիպերկալցեմիայով:

Այսպիսով՝ մուլտիդիսցիպլինար թիմի կողմից կատարված բուժման արդյունքում պացիենտը դուրս է գրվել ընդհանուր վիճակի լավացումով և այժմ գտնվում է էնդոկրինոլոգի և նյարդաբանի հսկողության տակ։

Կլինիկական դեպքը ընտրվել է՝ ներկայացվելու ECE 2025-ին, որպես ePoster:

×
facebook sharing button facebook