Գլխավոր Ավելին

Այսօր երիկամի համաշխարհային օրն է․ երբ է անհրաժեշտ դիմել նեֆրոլոգին

Այսօր երիկամի համաշխարհային օրն է: Երիկամները «լուռ» օրգաններ են, շատ դեպքերում սկսում են «խոսել» արդեն իսկ երիկամային անբավարարության շրջանում:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի նեֆրոլոգ, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի դասախոս Աննա Հարությունյանը նշում է, թե երբ է անհրաժեշտ դիմել նեֆրոլոգին.

  1.  Մեզի քանակի, գույնի փոփոխություն։
  2.  Միզարձակության տարատեսակ խանգարումներ (ցավոտ, դժվարացած, հաճախացած), փրփրոտ մեզ։
  3.  Պերիօրբիտալ շրջանի, ստորին վերջույթների այտուցներ։
  4.  Ցավ և ծանրության զգացողություն գոտկային շրջանում։
  5.  Երիկամային հիվանդությունների ընտանեկան անամնեզ։
  6.  Զարկերակային գերճնշում։
  7.  Շաքարային դիաբետ։
  8. Պարբերական հիվանդություն, աուտոիմուն հիվանդություններ և այլն։

Նշված բոլոր դեպքերում նեֆրոլոգի խորհրդատվությունը կարևոր է ինչպես հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման, այնպես էլ կանխարգելման նպատակով: 

Աննա Հարությունյանի խոսքով՝ երիկամների քրոնիկ հիվանդության հաճախ հանդիպող պատճառներից է շաքարային դիաբետը (երիկամների դիաբետիկ հիվանդություն): Բժիշկը նշում է, որ շատ կարևոր է կանոնավոր օգտագործել հիպոգլիկեմիկ դեղեր, պահպանել սննդակարգը, տարեկան գոնե մեկ անգամ կատարել երիկամների ՈւՁՀ, արյան բիոքիմիական քննություն, մեզի ընդհանուր քննություն, վաղ հայտնաբերել միկրոալբումինուրիան և սկսել նեֆրոպրոտեկտիվ բուժում՝ հնարավորինս դանդաղեցնելով երիկամային անբավարարության զարգացումը:

×
facebook sharing button facebook